Հրաչյա Ռոստոմյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Միևնույն է, սուտը միշտ պարտվում է
Համացանցում երեկվանից մի օգտատեր, որը «հաստատ» Փաշինյանը չէ, և մի կայք, որը հաստատ Փաշինյանինը չէ, որոշեց անցնել ստի և ստորության սահմանը։
Վարկաբեկել մարդուն, խաբել հանրությանը, ծախել մտերիմներին, սուտ ասել, հետո՝ ավելի մեծ սուտ․ սա է այս մարդու կյանքը, որը ճակատագրի բերումով մի կարճ փուլ մեր երկրի վարչապետն է։
Բայց նրա սուտը ունի մի կարևոր հատկանիշ․ դա ինքնաոչնչացումն է։ Նրա սուտը տիրոջ համար լրջության և բարոյականության ՁԻԱՀ է, որը ոչնչացնում է կրողին․ ամեն նոր ստից հետո նա դառնում է համընդհանուր ծաղրունակի առարկա, ամեն նոր ստից հետո նրանից զգուշանում են և հեռու մնում նորանոր մարդիկ, ամեն նոր ստից հետո նա դառնում է ավելի խղճուկ։
Մարդը խաբում է թե՛ ներսում, թե՛ դրսում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության, թե՛ բանակցություններում, թե՛ նույնիսկ իր և իր ընտանիքի առողջության։
Ինչքա՞ն պետք է բարոյապես արժեզրկված լինել, որ մի օր քաղաքական շահից ելնելով հայտարարես, որ վարակվել եք վիրուսով, իսկ 5-6 օր հետո ազդարարես, թե ամբողջությամբ ապաքինվել ենք։
Սա այն դեպքում, երբ քո ապաշնորհ կառավարման պատճառով երկրի հիվանդանոցներում արդեն տեղ չկա, հազարավոր մարդիկ չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, տեստ հանձնել, բժշկի երես չեն տեսնում։
Հայաստանցիների համար այս հիվանդությունը վերածվել է իսկական ողբերգության, վարչապետի համար՝ ստի և քաղաքական հաշվարկի թեմա։
Վստահ ենք՝ կգա մի օր, երբ կկազմվի փաշինյանական ստերի ամբողջական ցանկը։ Բայց դա չի լինի կատակի ժանրից, որովհետև այս ստերից շատերը ուղղակի առնչվելու են մեր երկրի անվտանգությանը, ժողովրդի կենսական շահերին։
Ամիսներ առաջ, իբր անվտանգության ծառայությունից աննկատ, տնեցիներով «փախուստի են դիմում», այդ պահին դա գուցե ծիծաղելի է, բայց երբ նույն ինֆանտիլիզմն է դրսևորվում պետական կառավարման հարցերում, ապա մենք սրընթաց մոտենում ենք կատաստրոֆային։
Ընդամենը երկու տարում մսխել և փոշիացնել փոփոխություններով պայմանավորված մարդկանց հույսը, սպասումները։ Երկիրը առաջ տանելու հնարավորությունը փոխես ընտանեկան կառավարման հետ, որտեղ բոլոր պետական կարևորագույն հարցերը լուծվում են ընտանիքի շրջանակներում։
Համաճարակի առաջ խեղճացած ու անօգնական մնացած ժողովուրդ և միայն ընտանեկան բարեկեցության մասին մտածող վարչապետ։ Շաբաթներ հետո մարդկանց ձեռքին հացի փող չի լինելու, մոտ 200-300 հազար նոր գործազուրկներ են ավելանալու, հազարավոր բիզնեսներ են սնանկանալու և փակվելու։ Սա թողած, երկրի վարչապետը զբաղված է ֆեսյբուքի «տրասսին կանգնելով»։
Ինչո՞ւ է կարևոր նոր կառավարության օր առաջ ձևավորումը․ համընդհանոր աղետից խուսափելու, անդառնալի կազմաքանդումներ թույլ չտալու համար։
Դա շատ կարևոր է նաև վարչապետի համար։ Չարության դոզան սրընթաց մեծանում է։ Կարող է գալ մի պահ, որ վտանգավոր գծեր հատվեն։ Դա թույլ տալ պետք չէ։ Հանգիստ հեռանալու հնարավորությունը դեռ կա, և դրանից պետք է օգտվել։
Պետության համար շատ կարևոր է, որ Փաշինյանի թիմակիցները, պատգամավորները, կառավարության անդամները, գոնե՝ սեփական շահից ելնելով, հետևություններ անեն։ Այս մարդը ամեն ինչ անելու է՝ Ձեզ բոլորիդ հարվածի տակ դնելու համար։ Թիմը, գործընկերները Փաշինյանի համար արժեք չունեցող ֆիգուրներ, որոնցից յուրաքանչյուրին նա առանց աչք թարթելու կզոհաբերի ու կդնի հարվածի տակ՝ միայն ու միայն իր նեղ անձնական շահից ելնելով։
ԲՀԿ-ն օգտագործելու է քաղաքական և քաղաքակիրթ պայքարի բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները, երկրում շուտափույթ համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ձևավորելու համար;
Ինչ վերաբերում է երեկ տարածած «անհայտ» օգտատիրոջ նյութին, ապա տարիներ առաջ եղել է վճռաբեկ դատարանի արդարացման վճիռը։ Փառք Աստծո՝ կան մարդիկ, ովքեր գիտեն ճշմարտությունը, որ այդ պատմության հիմքում ընկած է սովորական շանտաժի մի սովորական պատմություն։