Արմեն Աշոտյանը նոր գրառում է կատարել։

ԱԳ նախարարը Ազգային Ժողովում մի շարք դիտարժան հայտարարություններ արեց այսօր:
Չեմ անդրադառնա իշխող խմբակցության պատգամավորների և նրա սատելիտների մի շարք ձևակերպումներին, որոնց մտքի “փայլատակումը” բավարարում է բացառապես նախկինների կատարած տիտանական աշխատանքն այլասերելուն և այդ այլասերված միջավայրում մակաբուծելուն: Ինչ խոսք, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նման անդամների ֆոնին Մնացականյանն այս անգամ շահեկանորեն տարբերվում էր: 
Կրկնեմ, որ անգամ Փաշինյանը Արցախի հարցից չի հասկանում, ուր մնաց դուք:
Առաջինն, ինչի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, այն հանգամանքն էր, որ Հայաստանի ԱԳ նախարարը էլ ավելի խուսափեց Ռուսաստանի իր գործընկերոջ հայտարարության պարագայում առճակատվելուց՝ չբացառելով Արցախի խնդրի լուծման փուլային տարբերակ՝ որոշակի պայմաններում: Սա թույլ է տալիս կրկին արձագանքել, որ Լավրովի հայտարարությունը ոչ միայն իրականություն էր, այլև Հայաստանի գործող իշխանություններին դեմ տալու քայլ: Մնացականյանի մեկնաբանությունը գուցե տեղին համարվեր, եթե չլիներ այն փաստը, որ Լավրովը ոչ միայն խոսել է տեսական փուլայինի մասին, այլև պնդել, որ առաջին փուլը՝ հայկական զորքերի դուրսբերումն է: Մտածեք այս ուղղությամբ, պարոնայք:
 
Երկրորդ դիտարժան հայտարորությունը այն էր, որ ԱԳ նախարարը բաց տեքստով ընդունեց, որ այս իշխանությունները Արցախի հարցում վարում են բանակցություններ՝ փաստացի ստախոս հանելով Նիկոլ Փաշինյանին, ով երբեք այս արձանագրումը չի արել, ամեն կերպ խուսափելով դրա մասին աղաղակող բազում փաստերից: Կների՞ Նիկոլը Զոհրաբին այս հայտարարության համար:
Եվ վերջապես, հատկանաշական է, որ ԱԳ նախարարը հրապարակավ ընդունեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա են խնդիրներ, այս անգամ փաստացի մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին: Փաստորեն, նրանք իրոք աննախադեպ են, բայց միայն բացասական իմաստով: Իհարկե, Մնացականյանը փորձեց նաև դիվանագիտորեն հարթեցնել առկա խնդիրները, ասելով, որ նրանց բացակայությունը կվկայեր ավելի մեծ կնճիռների մասին: Այս մոտեցումը սակայն քննադատությանը չի դիմանում, քանզի դժվար է հավատալ “Бьет, значит любит” ռուսական ասացվածքին: