Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել։

Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն "մարդ" դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով:
 
Այս կառավարությունն իրոք միայն լավ եղանակի, "լեն օրերի" կառավարություն էր, որն ընդունակ էր լոկ մակաբուծել տարիների ընթացքում ստեղծված պետական կառավարման համակարգի վրա՝ ջանասիրաբար ծծելով պետության միջոցներից պարգևավճարներ, շռայլ գործուղումներ և իշխանական բազմաթիվ այլ "կայֆեր":
Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաև ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ խորացող սոցիալական աղետի պայմաններում:
Միակ բանը, որ նա և իր՝ թյուրիմացաբար պետական Օլիմպոսին հասած ու արտոնությունների վրա թառած պարազիտ թիմը կարողանում է, նախկիններին անվանարկելն ու պիտակավորելն է:
Այսօր նմանատիպ հերթական մի օպուս տեսանք նրա մամլո խոսնակի կատարմամբ "Սաղ Սերժնա մեղավոր" անտաղանդ պիեսի հերթական արարի տեսքով:
 
Սարի ծամոնի նման անհամ ու կպչուն "կոռուպցիոն" մեղադրանքները մեր հասցեին այլևս լուրջ չենք ընդունում ոչ միայն մենք, այլև կառավարության տոտալ անգործության և մեծամիտ դատարկության պատճառով օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ:
Քանզի լավ գիտեն, որ "Սերժի դեմ" իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու: