Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Պարգեւատրումը համակարգային կոռուպցիա, որն իբր վերացել է
Վերջին շրջանում բազմիցս խոսել եմ պետական պարգեւատրումների մասին։ Դրանք քննադատել եմ ինչպես բովանդակային, այնպես էլ կիրառման մասով։ Քաղաքական իշխանությունն այս ընթացքում պատասխանելով պարգեւատրումների շուրջ հանրային դժգոհությանն ու քննադատություններին փորձում է հերթական անգամ մանիպուլյացնել հանրությանը պնդելով, թե դրանք խոստացված բարձր աշխատավարձներն են։
Այն, որ պետական համակարգում աշխատավարձները պետք է լինեն արժանապատիվ, ինձ համար քննարկման ենթակա չէ։ Բայց քննարկման թեմա է, թե արդյո՞ք աշխատավարձներն են բարձրացվել, թե պարզապես ղեկավար կազմին հնարավորություն է տրվել, որպեսզի կարողանան իրենց անձնական շահագրգռվածությամբ պարգեւատրել միայն այն յուրայիններին, որոնք պատրաստ են կատարել ցանկալի հանձնարարությունները։
Ի՞նչ եմ առաջարկում քաղաքական իշխանությանը, որն այդպես էլ չեն իրականացնում եւ ինչու։
Այսպես, երբ նոր էին քննարկում պարգեւատրումների հարցը առաջարկվում էր, որ մեծացվի պարգեւատրումների բյուջեն, ինչին ես բազմիցս դեմ եմ արտահայտվել։ Մանրամասն մատնանշել եմ դրա կոռուպցիոն ռիսկերը եւ առաջարկել եմ, որ դրա փոխարեն օրենքի փոփոխությամբ բարձրացվի աշխատավարձները։ Տարբերությունը նրանում է, որ երբ օրենքով սահմանված աշխատավարձ են ստանում, ապա դա պարտադիր է, ստանում են մշտապես եւ որեւէ միջին կամ բարձր չինովնիկ չի կարող կամայական որոշմամբ այս ամիս տալ բարձր վարձատրություն, իսկ մյուս ամիս, օրինակ՝ իր տված անհեթեթ հանձնարարությունը չկատարելու պատճառով, չվարձատրի այդ բարձր վարձատրությամբ։ Եվ ահա հենց այստեղ է թաքնված գլխավոր խնդիրը. իշխանությունն ուզում է, որ ամեն ամիս հնարավորություն ստանա յուրայիններին բարձր վարձատրել, իսկ մյուսներին՝ ցածր։ Պարգեւատրման մեխանիզմով վարձատրության ձեւն այդ հնարավորությունը տալիս է եւ ամբողջությամբ հնարավոր է անել առանց որեւէ օրենքի խախտման։ Սա է հենց համակարգային կոռուպցիան, որն, իբր, վերացել է Հայաստանի Հանրապետությունում։
Իսկ արդյո՞ք քաղաքական իշխանությունը հենց նկարագրված եղանակով է կատարում վարձատրությունները։ Պատասխանը միանշանակ է, ԱՅՈ։
Փաստ։ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ հրապարակային նշել են, որ իրենք ստանում են ամսական 150.000 դրամ պարգեւավճար։ Իսկ պաշտոնական հարցմանս ի պատասխան ԱԺ աշխատակազմը հայտնել է, որ 2019թ-ին ԱԺ պատգամավորների պարգեւատրումների ընհանուր չափը կազմել է շուրջ 526 միլիոն դրամ։ Այս գումարը բաժանելով 132 պատգամավորի եւ 12 ամիսների՝ կստացվի, որ 2019 թվականին յուրաքանչյուր պաըգամավոր պարգեւատրվել է ոչ թե 150 հազար, ինչպես նրանցից շատերն են պնդել, այլ՝ 332 հազար դրամ։
Վերլուծելով փաստերն ակնհայտ է դառնում, որ եղել են պատգամավորներ, որոնք ստացել են 150.000 դրամ պարգեւտրում, իսկ մյուս պատգամավորները ստացել են ամսական 332.000 դրամից ավելի պարգեւատրում։ Ի դեպ, այդ մասին են վկայում նաեւ ԱԺ նախագահի կարգադրությունները պարգեւատեւումների մասին, երբ հայտնաբերվում է, որ ամսվա ընթացքում Արարատ Միրզոյանն ընդունել է երկու կարգադրություն, որոնցից մեկով պարգեւատրել է ընդամենը աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ մյուսով՝ 100 տոկոսով։ Իսկ այն, որ այդ կարգադրություններում անօրինական կերպով չեն հրապարակվում պարգեւատրված պատգամավորների անուն ազգանունները, ինքնին ակնհայտ վկայությունն է, որ գործ ունենք նշածս համակարգային կոռուպցիոն դրսեւորման հետ։
Արժեքային փոփոխությունն է միայն, որ իրավունք ունի կոչվելու հեղափոխություն։
Իրական հեղափոխությունն անհրաժեշտություն է, որը լինելու է…