Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել

«Բոլոր կեդանիերը հավասար են, բայց որոշները ավելի հավասար են քան մյուսները»
Ջ. Օրուել «Անասնաֆերմա»

 

 

Նիկոլ Փաշինյանի վարկանիշի փրկության «մեր պապիկը🇦🇲» խորագրով PR-օպերացիան ընդգծում է երկրում տիրող ամենաթողության մթնոլորտը:

Արդյո՞ք այս «օպերացիայի» արդյունքում ռիսկի տակ չի դրվում այդ պապիկի առողջությունը:
Արդյո՞ք այդ պապիկը միակ հայրենասեր պապիկն էր, ով իրականում ուզում էր գնալ և հարգանքի տուրք մատուցեր զոհերին:
Արդյո՞ք չկային այլ պապիկներ կամ տատիկներ, կամ ավելի երիտասարդ «ռազմահայրենասեր շիզոֆռենիկներ», ովքեր հասկանում ու գիտակցում են եղելությունը, գիտեն պատմությումը և գնում են Հուշարձանի մոտ ոչ թե «շեմո չռթելու», այլ հարգանքի տուրք մատուցելու:
Արդյո՞ք արդար էր և ճիշտ պապիկին թույլ տալ, իսկ մնացածին` ոչ: Ոչ, արդար չէր և ճիշտ էլ չէր...

Ամենայն հարգանքով եմ վերաբերվում պապիկի տարիքին և մղումներին, բայց օրենքը բոլոր ՀՀ քաղաքացիների համար է: «Արտակարգ դրությունը» բոլոր ՀՀ քաղաքացիների համար է:
Չեմ էլ խոսում այն մասին, որ հնարավոր էր կազմակերպել մարդկանց կամ համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչների այցը շատ կանոնակարգված և վերահսկելի ձևով:

Ինչո՞վ էր այդ պապիկը առավել այլ պապիկ-տատիկներից, ովքեր ևս ցանկություն ունեին գնալու: Այս հարցին չկա որևէ խելամիտ պատասխան և չի էլ կարող լինել:

 

Իշխանության ներկայացուցիչները կորցրել են իրականության զգացումը, ինչպես նաև կորցրել և մաշեցրել են իրենց նկատմամբ ունեցած ժողովրդի վստահությունն ու իրենց երբեմնի վարկանիշը և նման էժան ու պառակտող PR օպերացիաներով փորձում են «բարի ու պուպուշ» երևալ` ընդգծելով իրենց «համամարդկային արժեքներ» ունենալու թվացյալ և կեղծ «փաստը», ինչպես փորձում էին ընդգծել «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապ» օպերացիայի և «Աշոտի տատու» օպերացիայի դեպքում, սակայն չեն հասկանում, որ արդեն ոչ մի բան իրենց չի փրկելու: Նրանք արդեն չեն խորշում օգտագործել նույնիսկ տարեց մարդկանց զգացմունքայինությունը իրենց վարկանիշի փրկության փորձերի և ֆեյսբուքյան 1-2 լայք հավաքելու համար:

Վերջում ասեմ, որ շատ լավ է, որ այդ պապիկը իր հարգանքի տուրքը մատուցեց, բայց լավ կլիներ, որ այլ պապիկները, տատիկները, երիտասարդները ու երեխաները կարողանային մատուցել իրենց հարգանքի տուրքը:

Հ.Գ. Չմոռանանք, որ մեր երկիրը այս իրավիճակում հայտնվեց այն պատճառով, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը «պինցետով» էր վիրուսի դեմ պայքարում ու անլրջացնում ամեն ինչ, իսկ առողջապահության նախարարը պնդում էր, որ սա «սովորական գրիպի նման հիվանդություն» է և, եթե ժամանակին ունենայինք կոմպետենտ ղեկավարություն, ապա արդեն հաղթահարման փուլում կլինեինք, իսկ մարդկանց տեղաշարժի և աշխատելու սահմանափակումներ չէին լինի: