Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, բարերար Յուրա Հովհաննիսյանը, քանդակագործ Սամվել Պետրոսյանը, մարալիկցիներ, հյուրեր։
Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։ Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը։
Հուշարձանը ստեղծել է քանդակագործ, ՀՀ Վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։ Սողոմոն Թեհլիրյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։