Կորոնավիրուսը ժողովրդին փաստերով ապացուցեց մի շարք բաներ... ապացուցեց, որ ֆեյսբուքյան գովազդով և ուղիղ եթերներով առողջապահության ոլորտը և առհասարակ պետությունը ղեկավարել հնարավոր չէ, ապացուցեց թե իրականում ինչպիսի պատրաստվածություն ունի մեր երկիրը էպիդեմիոլոգիական (համաճարակաբանական) տեսանկյունից, ապացուցեց, որ երբեմնի «ում շունը» և «ոչ հատուկ վտանգավոր» հիվանդությունը ծնկի բերեց երկրի տնտեսությունը և փոփոխեց շատերի կյանքի ռեժիմը, ապացուցեց, որ պետական կառավարման համակարգում «շունը տիրոջը չի ճանաչում» և վերջնականապես ցրեց այն առասպելը, որ ոլորտների ղեկավարումը իրականացվում է հմուտ և գրագետ կերպով:
 

Փաստացի` պատասխանատուները, օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, ներառյալ արտակարգ դրությունը և դրա պատրվակի տակ ընդունած որոշումները, չկարողացան 1 ամսվա ընթացքում նույնիսկ դանդաղեցնել վարակի տարածման և վարակակիրների թվի աճի տեմպերը, էլ չեմ ասում, որ չկարողացան հաղթած դուրս գալ իրավիճակից: Մենք դեռևս ունենում ենք ավելի շատ նոր վարակված հիվանդներ քան բուժվածներ: 

Բնակչության շրջանում դեռևս մնացած չնչին վստահությունն էլ սկսեց փոշիանալ` «Վարակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից...» փառահեղ հայտարարությունից հետո, քանի որ շատ մադկանց մոտ առաջացրեց վախի զգացողություն և տագնապ, որովհետև անընդունելի է լսել, որ «մասնագետը», ում վստահել են վարակի կանխման և տարածման վերահսկողությունը ու մոտ 3.000.000 մարդու առողջությունը, կորցրել է խնդիրը իր տիրույթում լուծելու և վերահսկելու բոլոր հնարավորությունները:

Արդյունքում ժողովրդին բաժին հասավ ևս մեկ ամիս արտակարգ դրություն, որը չի երաշխավորում կորոնավիրուսի հաղթահարումը, սակայն երաշխավորում է տնտեսական ճգնաժամի խորացումը...

Ամենադժվարը դեռ առջևում է...