Մահացած զինվորի մայրը ՝ Արթուր Ղազարյանի մայրը, Իրինա Ղազարյանը Ռիտա Սարգսյանին մեղադրել է երիկամների վաճառքի մեջ։ Մենք չենք կարող նշել, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականության հետ։ Այդ առիթով Ռիտա Սարգսյանի փաստաբանը ՝ Ամրամ Մակինյանը, գրառում է կատարել․
- Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից:
Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի մոտ ծառայության ընթացքում մահացած զինվորներից մեկի՝ Արթուր Ղազարյանի մայրը, Իրինա Ղազարյանը մերկապարանոց և զրպարտիչ մեղադրանք է հնչեցրել տիկին Ռիտա Սարգյսանի հասցեին, մեղադրելով նրան “երիկամների վաճառքի” մեջ:
Հանդիսանալով երրորդ նախագահի կինը՝ տիկին Սարգսյանը երկար տարիներ իրականացրել է բազում բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շահառու են հանդիսացել հազարավոր մեծահասակներ և երեխաներ: Իրականացված աշխատանքների շնորհիվ փրկված, կյանքի որակը բարելաված, առողջությունը վերականգնած և մարդկային երջանկությունը վերագտած մարդկանց թիվը շատ պատկառելի է:
Պատահական չէ, որ տիկին Սարգսյանն առ այսօր ստանում է հարյուրավոր շնորհակալական նամակներ իր կողմից իրագործված գթասրտական ծրագրերի արդյունքների համար:
Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանքիների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մշտապես պաշտպանելու ենք Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը:
Ամրամ Մակինյան
փաստաբան