Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ազգին։ 

«Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր,

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի, անառիկ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները, և հյուրընկալ մեր օջախներում ձեռքբերումների և ուրախությունների բազում առիթներ ունենանք:

Մեր պետության հիմքը ընտանիքն է, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են ազգային ավանդույթները, այդ թվում՝ հարգանքն ու պատկառանքը մեծերի և հոգատարությունը փոքրերի նկատմամբ:

Օտարածին, կեղծ բարքերն ու սովորույթները չեն կարող խարխլել մեր ազգային արժեհամակարգը, վտանգել մեր ազգային ինքնությունն ու անվտանգությունը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր ամենասիրելի ընտանեկան տոներից են, որտեղ ընտանիքի բոլոր անդամները` մեծից փոքր, հավաքվում են սեղանի շուրջ, միմյանց շնորհավորում և բարեմաղթանքներ հղում, պարուրում ջերմությամբ և հոգատարությամբ: Պահպանե՛ նք այդ թանկ արժեքները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աստծո օրհնությամբ և ազգի հավաքական ներուժով նոր տարում էլ մենք շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների ազատ և խաղաղ ապրելու իրավունքի ամրապնդման համար։

Ինչպիսին էլ լինեն մեր հայացքները անցնող տարվա ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ, որքան էլ մեզնից յուրաքանչյուրն իր տեսանկյունն ունենա տարին հաջող կամ հակառակը` կորսված հնարավորությունների, դժվարությունների ու փորձությունների ժամանակահատված համարելու, միևնույն է, մենք բոլորս այդ տարակարծություններով հանդերձ՝ ունենք մեկ ընդհանուր ցանկություն` տեսնել մեր պետությունը հզոր, խաղաղ և բարեկեցիկ, մեր ժողովրդին՝ երջանիկ, որովհետև աշխարհի այս փոքրիկ անկյունն է մեր պապերի, մեր ու մեր թոռների հայրենիքը, ամենաթանկը, որ ունենք:

Եվ այդ ընդհանուր ցանկությունը մեզ պետք է մղի համախմբելու մեր ջանքերը, գործելու միասնաբար, գիտակցելու, որ բազում վտանգներով ու մարտահրավերներով լի աշխարհում որպես ազգ և պետություն հարատևելու, մեր հազարամյա ընթացքը անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է:

 Գալիք տարում որքան հնարավոր է՝ լինե՛նք լայնախոհ, շրջահայաց և իրատես:

Ամանորի տոնական սեղանների շուրջ անխտիր բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի, մեր զինվորների ու սպաների համար, նաև ոգեկոչում մեր նահատակված հերոս տղաների անմահ հիշատակը, ուժ և կորով մաղթում նրանց ընտանիքներին:

Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին:

Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: